Սյունիքի մարզ

nextprev
  • Syunik Development Fund

Տարածքը` 4 506քառ.կմ
ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը` 15.1%
Քաղաքները՝ Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Մեղրի, Ագարակ, Դաստակերտ
Գյուղեր` 127
Բնակչության թվաքանակը 2016թ. տարեսկզբի դրությամբ` 139.4 հազ. մարդ

ՀՀ Սյունիքի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հարավում: Մարզը հյուսիսից սահմանակից է ՀՀ Վայոց ձորի մարզին, հարավից` պետական սահմանով սահմանակից է Իրանին (սահմանի երկարությունը 42 կմ է), արևմուտքից` Նախիջևանին և արևելքից` Արցախին: ՀՀ Սյունիքի մարզը արզը զբաղեցնում է Զանգեզուր բնաշխարհի տարածքը, որը ներառում է Որոտան, Ողջի գետերի վերին ու միջին հոսանքների ավազանը և Զանգեզուրի՝ Մեծ Կովկասից հետո Հարավային Կովկասում ամենաբարձր լեռնաշղթայի, արևելյան լանջերը։ Մարզի ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղն է (3 906 մ),իսկ ամենացածր վայրը՝ Մեղրու կիրճը (Արաքսի հովիտ 380մ)։


ՀՀ Սյունիքի մարզը, գրավելով ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակության կարևոր դիրք, ունենալով բնահումքային հարուստ պաշարներ, արտադրական մեծ ներուժ և հանդիսանալով հանրապետության ամենախոշոր վարչական ու տնտեսական մարզերից մեկը, միաժամանակ մնում է համեմատաբար քիչ բնակեցված և տնտեսապես թույլ յուրացված, ինչը մասամբ պայմանավորված է մայրաքաղաքից ունեցած մեծ հեռավորությամբ և տրանսպորտային հաղորդակցության այլընտրանքային միջոցների բացակայությամբ: Օգտակար հանածոներով ամենահարուստ մարզն է: Դրանցից կարևորագույններն են` գունավոր (պղինձ, մոլիբդեն, ցինկ և այլ գունավոր) և թանկարժեք (ոսկի, արծաթ) մետաղների հանքաքարերը, ինչպես նաև ոչ մետաղային օգտակար հանածոների մի ամբողջ շարք (շինարարական և երեսապատման քարեր, բազալտային հումք, կրաքարի և այրվող թերթաքարերի, մարմարի, գրանիտի պերլիտի և դիատոմիտների պաշարներ): Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերն են: 2015թ.-ին մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.

• արդյունաբերություն` 13.3 %,
• գյուղատնտեսություն 7.0 %,
• շինարարություն` 5.1 %,
• մանրածախ առևտուր` 1.2 %,
• ծառայություններ` 1.7 %:

Մարզի արդյունաբերության հիմնական ճյուղը հանքարդյունաբերությունն է և էլեկտրաէներգիայի արտադրությունը: Մարզում արտադրվող էլեկտրաէներգիայի գերակշիռ մասը բաժին է ընկնում Որոտանի ՀԷԿ-ի կասկադին: Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության (մասնավորապես` հացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի արտադրություն) և անասնաբուծության (մասնավորապես` խոշոր եղջերավոր կենդանիների բուծում) մեջ: Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտով և էլեկտրատրանսպորտով (ճոպանուղի):
Մարզի տարածքով է անցնում Հայաստանն Իրանի հետ կապող ավտոմայրուղին, որն էական դեր ունի մարզի տնտեսության զարգացման գործում: 2008թ. շահագործման է հանձնվել «Կապան-Ծավ-Մեղրի» ռազմավարական նշանակություն ունեցող ավտոմայրուղին, որը, որպես այլընտրանք «Կապան-Քաջարան-Մեղրի» միջպետական ճանապարհին` տեխնիկական ցուցանիշներով գերազանցում է վերջինիս:
Մարզով են անցնում Արցախը Հայաստանին կապող կարևոր ավտոմայրուղին և Իրանի Իսլամական Հանրապետությունը ցամաքային անմիջական կապով Հայաստանին կապող միակ ճանապարհը։


Կապան քաղաքը (2016թ. տարեսկզբին` 42 640 մարդ) գտնվում է Խուստուփ լեռան ստորոտում (3 201մ),Երևանից 301 կմ հեռավորության վրա: Տնտեսության առաջատար ճյուղն արդյունաբերությունն է, ընդհանուր ծավալում գերակշռողը հանքարդյունաբերությունն է, որից կարևորագույններն են գունավոր և ազնիվ մետաղների արդյունահանումը: Որոշակի տեսակարար կշիռ ունեն նաև մշակող արդյունաբերությունը (սննդամթերքի, կարի, ոչ հանքային շինանյութերի, ալյումինե և մետաղապլաստիկ իրերի, բնափայտի մշակման ու փայտե արտադրատեսակների, կահույքի և սարքավորանքի արտադրության) և էլեկտրաէներգիայի արտադրությունը:

Քաջարան քաղաքը (2016թ. տարեսկզբին` 7 061 մարդ), գտնվում է Երևանից 327 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից՝ 25 կմ: ՀՀ գունավոր մետալուրգիայի կենտրոնն է` պղնձի և մոլիբդենի հզոր հումքային բազա հանդիսացող հազվագյուտ հանքավայրի շահագործման հիման վրա: Տնտեսության հիմնական և առաջատար ճյուղը հանքարդյունաբերությունն է: Քաղաքի տնտեսության մեջ իր բաժինն ունի նաև մշակող արդյունաբերությունը, որում առանձնանում են սննդամթերքի և պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրությունը:

Գորիս քաղաքը (2016թ. տարեսկզբին`20 342 մարդ), գտնվում է Երևանից 236 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից՝ 63 կմ, տնտեսության հիմնական ճյուղն արդյունաբերությունն է: Հիմնականում զարգացած են էլեկտրաէներգիայի արտադրությունը, սննդամթերքի, մանածագործական արտադրատեսակների, կարի, ալյումինե և մետաղապլաստիկ իրերի, բնափայտի մշակման ու փայտե արտադրատեսակների և էլեկտրա-սարքավորանքի արտադրությունները:

Սիսիան քաղաքը (2016թ. տարեսկզբին`14 856 մարդ), գտնվում է Երևանից 206 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից՝ 110 կմ, տնտեսության ծավալում գերակշռողն էլեկտրաէներգիայի արտադրությունն է, որոշակի տեսակարար կշիռ ունեն նաև սննդամթերքի և այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունները:

Դաստակերտ քաղաքը (2016թ. տարեսկզբին`0.3 մարդ), գտնվում է Երևանից 226 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից՝ 130 կմ: Աշխատանքներ են տարվում պղնձի և մոլիբդենի հանքերը վերագործար-կելու համար:

Մեղրի քաղաքը (2016թ. տարեսկզբին` 4 542 մարդ), գտնվում է Երևանից 373 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից՝ 75 կմ, տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը մշակող արդյունաբերությունն է: Որոշակի տեսակարար կշիռ ունեն էլեկտրաէներգիայի և մրգերի պահածոների ու հյութերի արտադրությունը:

Ագարակ քաղաքը (2016թ. տարեսկզբին`4 284 մարդ), գտնվում է Երևանից 385 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից՝ 90 կմ, տնտեսության առաջատար ճյուղը հանքարդյունաբերությունն է, որից կարևորագույնը գունավոր մետաղների արդյունահանումն է: Քաղաքի տնտեսության զարգացումը կապված է պղնձամոլիբդենային արտադրության հետ: Ագարակում են գտնվում Հայաստան-Իրան սահմանային և մաքսային կետերը:

Սյունիքի պատմությունը

Պատմականորեն Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն է կազմում, որը վարչականորեն բաժանված է եղել 12 գավառների։ Սիսական աշխարհը հռչակված է եղել իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով։ Այստեղ էր գտնվում 13-րդ դարում ստեղծված Հայաստանի ամենահին համալսարանը՝ Գլաձորը։ Միջնադարյան Սյունիքը շատ ավելի մեծ տարածք էր գրավում, քան այժմ։ Այն ժամանակ Վայոց ձորը, Գեղարքունիքը, Նախիջևանի մեծ մասը և ներկայիս Լեռնային Ղարաբաղի մի մասը Սյունիքի իշխանների տիրույթների մեջ էին մտնում։

X-XII դարերում Սյունիքը թագավորություն էր, որտեղ իշխում էր Սիսական տոհմը։ Հետագայում այստեղ իշխանել է Օրբելյան տոհմը։ Հայտնի է հատկապես կոմս Տարսայիճ Օրբելյանը։ Նրա զավակ Ստեփանոս Օրբելյանը՝ Սյունիքի մետրոպոլը, XIII դարում գրել է «Սյունիքի պատմություն» մեծարժեք պատմագրությունը։
1918-1920 թթ Սյունիքը, ինչպես նաև Նախիջևանը և Արցախը, դարձել էր վիճելի տարածք Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև։ 1920-ի դեկտեմբերի 2-ին Թուրքիան, որն այդ ժամանակ գրավել էր Հայաստանի Հանրապետության մեծ մասը, ստիպեց հայկական կառավարությանը ստորագրել Ալեքսանդոպոլի համաձայնագիրը, որով Հայաստանը Ադրբեջանին էր հանձնում Սյունիքը։ Սակայն Սյունիքի հայ բնակչությունը չճանաչեց այս համաձայանգիրը և զինված պայքարի ելավ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ։

Սյունիքը անկախ մնաց նույնիսկ այն ժամանակ, երբ բոլշևիկները գրավել էին Հայաստանի Հանրապետության մնացած մասն ամբողջությամբ։ 1920-ի սկզբներին, երբ բոլշևիկները ճնշեցին հայերի փետրվարյան ապստամբությունը, կառավարության շատ անդամներ և սպաներ նահանջեցին Սյունիք։ Շուտով այստեղ հռչակվեց Լեռնահայաստանի հանրապետությունը, իսկ Գարեգին Նժդեհը ընտրվեց վարչապետ։ Կարմիր բանակը միայն կատաղի կռիվներ և բազմաթիվ զոհեր տալուց հետո կարողացավ այն գրավել 1921-ին։

Հայկական ԽՍՀ-ում Սյունիքը առանձին վարչական միավոր չէր կազմում, այլ բաժանված էր մի քանի շրջանների։ Հայաստանի Հանրապետության վերանկախացումից հետո Սյունիքը կրկին ինքնուրույն մարզ է։