Սյունիքի մարզում բացվեց առաջին ժամանակակից կինոթատրոնը

nextprev
  • Syunik Development Fund
  • Syunik Development Fund
  • Syunik Development Fund
  • Syunik Development Fund

Մարտի 21-ին Սյունիքի  մարզկենտրոն Կապանում բացվեց «S'Unique» կինոթատրոնը:

Ժամանակակից տեխնիկայով և դիզայներական լուծումներով հագեցած կինոթատրոնն իր տեսակով միակն է Հայաստանի մարզերում:  Այն   իր կառուցվածքով և կահավորմամբ համապատասխանում է միջազգային ստանդարտներին. հագեցած է գերմանական արտադրության վերջին սերնդի կինոտեխնիկայով:

Կինոդահլիճն ունի 84 նստատեղ, իսկ տոմսերը Երևանում գործող կինոթատրոններից տոմսերի արժեքից զգալի ցածր են:

Կինոթատրոնի առաջին հյուրերն էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությունը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, Կապան համայնքի պատվավոր քաղաքացիներ և մշակութային գործիչներ: Հյուրերը  շրջայց են կատարել նորաբաց կինոթատրոնում, ներկա են եղել կինոդիտման ու ծանոթացել են ժամանցի կազմակերպման համար ստեղծված պայմաններին:

«S'Unique» կինոթատրոնի էկրանին ցուցադրված առաջին ֆիլմը եղել է 1980 թվականին նկարահանված «Թռիչքը սկսվում է գետնից»  ֆիլմի այն հատվածը, որը նկարահանվել է Կապանի օդանավակայանում: Խորհրդանշական ֆիլմի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի քանի ամիս անց վերագործարկվելու է  Կապանի օդանավակայանը:

«Մենք տևական ժամանակ մտածում էինք՝ ինչ կարելի է անել մարզի երիտասարդության ժամանցը կազմակերպելու և առօրյան հետաքրքիր դարձնելու համար: Կարծում եմ՝ կինոթատրոնը լավագույն լուծումն էր: Ուրախությամբ պետք է նշեմ, որ նորաբաց կինոթատրոնը հագեցած է ժամանակակից բոլոր տեխնիկական միջոցներով և բավականին հարմարավետ է: Հուսով եմ՝ կարճ ժամանակ անց այն երիտասարդների սիրելի վայրը կդառնա», - լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ «S'Unique»  կինոթատրոնում պարբերաբար անվճար ցուցադրություններ կկազմակերպվեն խոցելի խմբերի համար:

Նշենք, որ կինոթատրոնի վերակառուցման աշխատանքները սկսվել էին 2017 թվականի նոյեմբերին: 400 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով կինոթատրոնը կառուցվել է մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ և «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամի աջակցությամբ: